Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իսկ ի՞նչ խնդիր էր լուծում Զորին իր «Կիլիկիա»-ով

Իսկ ի՞նչ խնդիր էր լուծում Զորին իր «Կիլիկիա»-ով
15.10.2013 | 16:10

Արդեն քանի օր է, հասարակության ակտիվ հատվածը ցնցվել, զարմացել ու տարակուսել է ոչ անհայտ Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակից, որում նա պահանջում է Արցախը ճանաչել որպես Ռուսաստանի մաս: Ֆեյսբուքահայությունը նույնիսկ պահանջում է նրան զրկել ՀՀ քաղաքացիությունից: Ոմանք էլ անակնկալի են եկել, որ Զորիին ձայնակցող «մտավորականներ» էլ կան՝ ի դեմս Ռազմիկ Դավոյանի, Արտեմ Հարությունյանի և Արտավազդ Բայաթյանի: Դե, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից ոչ ոք այլ սպասելիք չէր էլ կարող ունենալ:

Ուզում եմ հասկանալ՝ իսկ ի՞նչն է անակնկալ կատարվածի մեջ: Երբ Զորի Բալայանը հարկատուներիս փողերով ամիսներ շարունակ իր «Կիլիկիա» նավով ճամփորդում էր, և հարկատուներիս փողերով սնվող Հանրային հեռուստաընկերությունն էլ ակտիվորեն լուսաբանում էր այդ ամենը, քանի՞ մարդ էր հարցնում, թե հանուն ինչի՞, ի՞նչ խնդիր է լուծում Զորին իր նավարկություններով: Քանի՞ մարդ էր փորձում այդ ամենի համար հաշիվ պահանջել և ասել, որ երիցս անբարոյական է աղքատ երկրում, ուր բազմաթիվ թոշակառուներ իրենց ստացած թոշակով չեն կարողանում հացի խնդիր լուծել, Զորիին ճանապարհորդությունների հաճույք պարգևելը պետբյուջեի հաշվին: Միայն՝ հատուկենտ:
Քանի՞ մարդ էր հիշում խորհրդային իշխանության տարիներին իր կյանքի գրեթե երկու տասնամյակը Սիբիրում անցկացրած տաղանդավոր գրող Գուրգեն Մահարու այրուն՝ Անտոնինա Մահարուն, որի ստացած թոշակը չէր բավարարում ձմռանը տունը տաքացնելու համար: Քանի՞ մարդ էր տեղյակ և քանի՞սը այդ ժամանակ հարցրեց, թե ինչու իր կյանքի իններորդ տասնամյակը բոլորած Անտոնինա Մահարին պետք է միայնակ, ցուրտ տանը նստի և հուշեր գրի իր ամուսնու մասին, իսկ Զորիի «քաջարի» նավարկությունները՝ որպես դարի կարևոր իրադարձություն, սփռվեն եթերով և մեր աչքն ու ունկը սղոցեն:
Ու հիմա զարմացած հարցնում եք, թե ինչո՞ւ է Զորին այդպիսի նամակ գրել: Ու չեք զարմանում, թե ինչու նրա նամակը տպագրողներ էլ են գտնվել: Ոմանք էլ, քողարկելով հարցի էությունը, ասում են, թե դա տարիքային մարազմ է: Իսկ այդ նամակը տպագրողնե՞րն էլ խնդիր ունեն տարիքի հետ, թե՞ առանց կարդալու էին տպագրել: Թե՞ տարիներ շարունակ Հանրային հեռուստաընկերությունն էլ էր տառապում մարազմով, որ իր եթերաժամից մի պատկառելի հատված հատկացնում էր Զորիի ճամփորդությունները լուսաբանելուն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ